Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ Բաքվում ապօրինի դատապարտված հայերի առողջության մասին տեղեկություններ ստանալը դարձել է աննախադեպորեն դժվար։
«Բացի այն, որ դատավարությունները ավարտվել են, Կարմիր խաչը վտարված է, իսկ որևէ միջազգային կառույց չի իրականացնում անկախ գործունեություն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, մենք զրկված ենք նաև այդ հատվածական, կցկտուր պատկերային տեղեկատվությունից»,- ասաց Սահակյանը։
Նրա խոսքով՝ նախկինում խոշտանգման առանձին դրվագներ բացահայտվում էին նաև դատապարտվածների լուսանկարների ուսումնասիրությամբ, սակայն այժմ տեղեկատվության հոսքը զգալիորեն սահմանափակվել է։
Իրավապաշտպանը նշեց, որ այս պահին դեռևս կարողանում են ստանալ պաշտոնական որոշակի տվյալներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով, թեև դրանք հաճախ ձևական բնույթի են՝ օրինակ՝ գերիների առողջական վիճակի մասին։
«Երբ այդ տեղեկությունները համադրում ենք մեզ հայտնի օբյեկտիվ տվյալների, հեռախոսազանգերի միջոցով ստացված առողջական վիճակի մասին հաղորդումների և պաշտոնական փաստաթղթերի հետ, մեծ խզում ենք տեսնում։ Իսապես լրջագույն առողջական ռիսկեր պարունակող դեպքեր կան, սակայն դրանց մասին պատշաճ արձանագրում տեղի չի ունենում, և, առհասարակ, բժշկական ծառայություններ և սպասարկում չի տրամադրվում, որի միջոցով գոնե հնարավոր կլիներ ապահովել այս անձանց պատշաճ առողջական վիճակը։ Նրանց մոտ գնալով վատթարացում է տեղի ունենում, և կյանքին սպառնացող ռիսկերը, վտանգները, ըստ էության, մեծանում են»,– ընդգծեց Սահակյանը։
Նրա խոսքով՝ ընտանիքների հետ հեռախոսազանգերի ընթացքում հայերը հիմնականում գանգատվում են առողջական խնդիրներից, և երբեմն նույնիսկ նրանց ձայնը կամ խոսելու դժվարություններն ընտանիքի անդամներին թույլ են տալիս հասկանալ առանձին խնդիրների, օրինակ՝ շնչառական, թոքային խնդիրների մասին, որոնք նաև ազդում են ձայնի վրա կամ ուղեկցվում են հազով և այլն։
Իրավապաշտպանը նաև նշեց մեկ այլ կարևոր խնդիր. դատապարտված հայերը չեն կարողանում ծանոթանալ կայացված դատավճիռների հետ։
«Ստացվում է՝ այս կեղծ, բեմականացված դատավարությունները ընթանում էին, որպեսզի այս անձանց «մեղքը» հիմնավորվի, սակայն ի սկզբանե նրանք զրկված են իրենց առաջադրված մեղադրանքները հասկանալու և դրանցից պաշտպանվելու հնարավորությունից։ Մենք ունենք մեկ դեպք, երբ ընդամենը քաղվածքն են տրամադրել, իսկ մնացած դեպքերում ո՛չ դատավճիռի ամբողջական տարբերակը, ո՛չ էլ քաղվածքը չեն տրամադրում դատապարտված հայերին»,– տեղեկացրեց Սահակյանը։
Նրա գնահատմամբ՝ սա միտումնավոր քայլ է. դատավճիռները չտրամադրելով՝ ադրբեջանական իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում և փորձում արգելափակել միջազգային ատյանների միջոցով պաշտպանվելու հնարավորությունները։
Սիրանուշ Սահակյանը նաև հայտնեց, որ մի շարք իրավապաշտպանների և կազմակերպությունների հետ միասին մեկ ամիս առաջ դիմել են միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայերի իրավունքների պաշտպանության համար։
