• Home  
  • Մենք կպահպանենք Արցախի ժողովրդի միասնությունը և կվերադառնանք հայրենիք
- ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք կպահպանենք Արցախի ժողովրդի միասնությունը և կվերադառնանք հայրենիք

Որպես Արցախի Հանրապետության ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ՝ մենք հայտարարում ենք, որ անսասան ենք պահելու մեր ժողովրդի միասնությունը, պահպանելու մեր հազարամյակների ժառանգությունը և ապավինելու մեր ժողովրդի վճռականությանը՝ հայրենի Արցախ վերադառնալու համար։ Մեր հիմնական նպատակն է՝ ամեն ջանք գործադրելու մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար։ Այս մեր պարտադիր պարտականությունը հիմնված է 1988 թվականին […]

Որպես Արցախի Հանրապետության ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ՝ մենք հայտարարում ենք, որ անսասան ենք պահելու մեր ժողովրդի միասնությունը, պահպանելու մեր հազարամյակների ժառանգությունը և ապավինելու մեր ժողովրդի վճռականությանը՝ հայրենի Արցախ վերադառնալու համար։

Մեր հիմնական նպատակն է՝ ամեն ջանք գործադրելու մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար։ Այս մեր պարտադիր պարտականությունը հիմնված է 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանի որոշումների վրա։

Այդ որոշումները, որոնք ընդունվել էին Ստեփանակերտում, ճակատագրական դարձան մեր ժողովրդի համար։ Դրանք նախատեսում էին ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և այն Հայկական ԽՍՀ կազմում ընդգրկելու հարցը։

Այդ որոշումներից հետո, երեք տասնամյակների ընթացքում, հազարավոր նվիրյալների կյանքի ու մեր ողջ ժողովրդի հերոսական պայքարի գնով մենք վերագտել էինք մեր արժանապատվությունն ու ինքնությունը։ Մենք մոտ էինք մեր ու մեր նախնիների դարավոր երազանքի իրականացմանը՝ մայր հայրենիքի և պետության հետ լիարժեք միասնությանն ու համաքայլ ընթացքին։

Սակայն, ինչպես մենք տեսանք, Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականության և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարումների հետևանքով ոչ միայն կորցրեցինք ձեռք բերվածը, այլև արցախահայությունը ենթարկվեց էթնիկ զտումների ու ցեղասպանության, ինչի արդյունքում ամբողջությամբ արտագաղթեց Արցախից։

Այսօր թշնամին ոչ միայն զավթել է մեր հայրենի Արցախը, այլև շինծու մեղադրանքների հիմքով «դատավճիռներ» է կայացնում Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերյալների հանդեպ։ Նա նաև ոչնչացնում է մեր հոգևոր ժառանգության նյութական վկայությունը՝ սրբատեղիները, վանքերն ու եկեղեցիները՝ փորձելով ջնջել Արցախի հայկական դիմագիծը։

Մենք, որպես Արցախի Հանրապետության ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ, մեր շնորհավորանքներն ենք հղում 1988 թվականի ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներին, այդ զարթոնքով տոգորված բոլոր հայորդիներին՝ աշխարհի բոլոր կողմերում, և մեր խոնարհումն ենք բերում ազատագրական պայքարի բոլոր փուլերում իրենց կյանքը նվիրաբերած հազարավոր նահատակների ընտանիքներին։