Ադրբեջանի ռազմական դատարանի կայացրած դատավճիռը, որով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, սարսափելի է, բայց սպասելի, – այս մասին հայտնել է Ռուբեն Վարդանյանին ընտանիքը։
Ընտանիքի հայտարարության մեջ նշված է․ «Այսօր մենք տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսինը, հայրը, եղբայրը և պապիկը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Այն պահից սկսած, երբ 874 օր առաջ Ռուբենին առանց որևէ հիմնավորման ձերբակալեցին, ակնհայտ էր, որ այս գործընթացի ելքը կանխորոշված է։ Նրան կալանքի տակ պահելու ողջ ընթացքում ներկայացված մեղադրանքներից և ոչ մեկի վերաբերյալ այդպես էլ որևէ ապացույց չի ներկայացվել»։
Ընտանիքի անդամները նկատել են, որ կեղծ դատավարության ամբողջ ընթացքում Ռուբեն Վարդանյանը զրկված է եղել իր նկատմամբ պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու որևէ երաշխիքից, ինչպես նաև իրական և ոչ թե ձևական իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանների հետ կապի և անկախ լրատվամիջոցների ներկայության հնարավորության երաշխիքներից։
«Լսումներն անցել են դռնփակ և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են արդար դատաքննության չափանիշների հետ ոչ միայն միջազգային իրավունքի, այլև հենց Ադրբեջանի օրենսդրության տեսանկյունից», – նշված է հայտարարությունում։
Ընտանիքը նաև ընդգծել է, որ իրենց ընտանիքի հոր նկատմամբ դատավճիռն իրականում ամբողջ հայ ժողովրդի դեմ է։ Նրանք հավելել են, որ Բաքվի վճռից հետո էլ իրենք շարունակելու են պայքարը հանուն արդարության։
«Մենք կշարունակենք պայքարել Ռուբենի և քաղաքական դրդապատճառներով պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման համար և կոչ ենք անում համաշխարհային առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան համայնքներին՝ ձեռնարկել բոլոր պատշաճ միջոցները, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, նրանց ազատությունն ու իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար», – ասված է հայտարարությունում։
